Կայացավ գերծանրքաշային կարգում առաջինների համարում ունեցող բոլոր վարկածներով չեմպիոնական գոտիների համար մրցամարտը: Աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին ձեռնոց նետողն այս անգամ լեհ Մարիուշ Վախն էր, բռնցքամարտիկ, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտում քսանյոթ մարտից (տասնհինգը` նոկաուտով) բաղկացած իր մարզական ուղին մինչ այս հանդիպումն անցել էր առանց պարտության:
Երկար տարիներ հետո ուկրաինացու համար լեհն առաջին բռնցքամարտիկն էր, ով գերազանցում էր նրան հասակով, թևերի բացվածքով, ինչը սկզբունքորեն պահանջում է մարտավարության որոշակի խմբագրում:
Իր հերթական հիսունիններորդը Վլադիմիր Կլիչկոն չշահեց նոկաուտով (այդպիսի ելքով նրա մարտերը հիսունմեկն են), սակայն դրա փոխարեն տասներկու ռաունդ հիշեցրեց մսագործի, ով քրտինքը ճակատին ջանում է րոպե առաջ ավարտին հասցնել գործն ու հետն էլ զարմանում, որ դեռ մասնատելու կտորներ են մնացել: Մնում է պարզապես զարմանալ, թե այդքան հարված ուտելուց հետո Մարիուշ Վախն ինչպես հաջողեց մնալ ոտքի վրա:
Չեմպիոնի բացահայտ գերազանցությունը վկայում են նաև մրցավարների տված գնահատականները` 120:107, 120:107, 119:109: Ամբողջ մարտի ընթացքում միայն մի պահ եղավ, երբ լեհ հսկան լրջորեն անհանգստացրեց Կլիչկոյին, սակայն չկարողացավ պահն արդյունավետ օգտագործել: Ասել է թե, եթե օգտագործենք ֆուտբոլային տերմինաբանություն, սա խաղ էր մեկ դարպասի վրա: Վլադիմիր Կլիչկոն շարունակում է մնալ աշխարհի թիվ մեկ բռնցքամարտիկը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ